«Հողի և հողագործի պաշտպանությունը մեկ նպատակ է»․ զրույց պրոֆեսոր Դավիթ Սմաջայի հետ

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17)²։ Այս առիթով զրուցել ենք ֆրանսիացի բժիշկ, պրոֆեսոր Դավիթ Սմաջայի հետ, ով այսօր այն մասնագետներից է, ում ձայնը ամենահետևողականն է հնչում շրջակա միջավայրի պահպանության և մարդու առողջության կապի մասին։ Ցանկանում էինք հասկանալ, թե ինչպես է նա գնահատում Արարատի մարզի ջերմոցային տնտեսությունների առջև ծառացած խնդիրները, և ինչ քայլեր կարող է ձեռնարկել Հայաստանը։

Պրոֆեսոր Սմաջան Փարիզ Սիթե համալսարանի արյունաբանության պրոֆեսոր է և ղեկավարում է Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան եվրոպական հիվանդանոցի արյունաբանության բաժանմունքը։ Նա նաև ֆրանսիական «Լաբորատուար դը լա Ռեպյուբլիկ» վերլուծական կենտրոնի առողջապահական հանձնաժողովի ղեկավարն է։ Զրույցի առանցքում «ՀայՄեդ» ՀԿ-ի հետ համատեղ իրականացրած մեր հետազոտությունն է Արարատի մարզի ջերմոցներում¹, ինչպես նաև այն ավելի լայն հարցերը, որոնք այն բարձրացնում է Հայաստանի համար։

Զրույցի կարմիր թելը մեկ գաղափար է․ շրջակա միջավայրի պահպանությունն ու մարդու առողջությունը երկու տարբեր նպատակներ չեն, այլ նույն նպատակի երկու կողմերը։

Կապը Հայաստանի հետ սկսվել է գիտական հանդիպումից

Պրոֆեսոր Սմաջայի կապը Հայաստանի հետ սկսվել է գրեթե պատահականորեն։ 2025 թվականի ձմռանը նա եկել է Երևան՝ մասնակցելու «Transplant to Armenia» ասոցիացիայի կազմակերպած առաջին հայ-ֆրանսիական արյունաբանական համաժողովին, որտեղ զեկույցով է հանդես եկել թրոմբոզի և քաղցկեղի կապի մասին։ Այցի ընթացքում համաժողովի կազմակերպիչ Ժերար Հովակիմյանը նրան ծանոթացրել է տեղի իրականությանը, այդ թվում՝ գյուղատնտեսության մեջ թունաքիմիկատների կիրառման հետ կապված խնդիրներին։

Այդ հանդիպումը համընկել է այն շրջանի հետ, երբ նա Ֆրանսիայում նոր էր սկսել զբաղվել շրջակա միջավայրի առողջության հարցերով։ «Այն, ինչ մինչ այդ հանրային առողջապահական քաղաքականության մեջ միայն տեսական քննարկման առարկա էր, հանկարծ ստացել է շատ շոշափելի բովանդակություն», — պատմում է պրոֆեսորը։

Նրա համոզմամբ՝ սա բժշկության մեջ ընթացող խորքային փոփոխության արտացոլումն է։ Առողջությունն այլևս միայն ախտորոշում ու բուժում չէ․ այն կախված է նաև մեր շնչած օդից, խմած ջրից, սննդից ու աշխատանքային պայմաններից։ Հայաստանում, նրա խոսքով, գյուղատնտեսական գործելակերպը, աշխատանքային պայմաններն ու բնական ռեսուրսները անմիջականորեն ազդում են բնակչության առողջության վրա։

Պրոֆեսորը ընդգծում է, որ լուծումները պետք է ծնվեն հենց Հայաստանում․ «Նպատակը ոչ թե տեսական մոդել ներմուծելն է, այլ տեղի իրականությունից ելնելով՝ համապատասխան ու գործնական լուծումներ մշակելը»։

Գիտական բարեխիղճություն և ընդհանուր պատասխանատվություն

Մեր հետազոտության¹ մասին խոսելիս պրոֆեսոր Սմաջան առաջին հերթին կարևորում է գիտական բարեխիղճությունը։ Նա մեր արդյունքները համարում է լուրջ ազդանշաններ, որոնք ուշադրության արժանի են և հիմնավորում են կանխարգելիչ քայլերի անհրաժեշտությունը։ Միևնույն ժամանակ նա անկեղծորեն նշում է, որ նման հետազոտությունը չի կարող ապացուցել յուրաքանչյուր առողջական խնդրի պատճառը։

Նա զգուշացնում է երկու հակադիր սխալներից՝ իրական ռիսկերը թերագնահատելուց և ապացույցներով չհիմնավորված վախ սերմանելուց։ «Շրջակա միջավայրի առողջության հարցերում չի կարելի առաջնորդվել վախով, քաղաքական օրակարգերով կամ գիտական տվյալների ընտրողական մեկնաբանությամբ», — ասում է նա։ Սակայն զգուշությունը չպետք է դառնա սպասելու պատճառ․ «Գիտական բարեխիղճությունը երբեք չպետք է դառնա անգործության արդարացում»։

Մեզ համար հատկապես կարևոր է, որ պրոֆեսորը մերժում է ողջ պատասխանատվությունը միայն հողագործների վրա դնելու մոտեցումը³։ «Չենք կարող աշխատողներից պահանջել ավելի լավ պաշտպանել իրենց՝ առանց նրանց համապատասխան պաշտպանիչ միջոցներով ապահովելու։ Չենք կարող խորհուրդ տալ թափոնները ճիշտ կառավարել՝ առանց հասանելի հավաքման համակարգ ստեղծելու», — ընդգծում է նա։ Նրա համոզմամբ՝ կանխարգելումը հավաքական ջանք է, որում իրենց դերն ունեն գիտնականները, բժիշկները, հողագործներն ու պետական մարմինները։

Պրոֆեսորի մոտեցման հիմքում երկու գաղափար է։ Առաջինը էքսպոզոմն է՝ այն բոլոր ազդեցությունների ամբողջությունը, որոնց մարդը ենթարկվում է կյանքի ընթացքում՝ թե՛ տանը, թե՛ աշխատավայրում։ Ըստ նրա՝ բժիշկը պետք է միշտ հետաքրքրվի պացիենտի աշխատանքով, հատկապես եթե նա գյուղատնտեսության ոլորտում է աշխատում։ Երկրորդը «Մեկ առողջություն» (One Health) մոտեցումն է, ըստ որի մարդկանց, կենդանիների ու էկոհամակարգերի առողջությունն անքակելիորեն փոխկապված են։ Սա նշանակում է, որ բժիշկները, ագրոնոմները, հետազոտողներն ու իշխանությունները պետք է սովորեն միասին աշխատել⁴։

COP17․ հնարավորություն Հայաստանի համար

Պրոֆեսոր Սմաջան COP17-ը համարում է իրական հնարավորություն Հայաստանի համար։ Կենսաբազմազանության համաժողովները հաճախ ընկալվում են որպես դիվանագիտական միջոցառումներ, մինչդեռ ջրի, հողի ու էկոհամակարգերի պահպանությունը նաև մարդկանց առողջության պահպանում է, նշում է նա։ Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության համաշխարհային շրջանակով երկրներն արդեն ստանձնել են մինչև 2030 թվականը կիսով չափ կրճատել թունաքիմիկատների ու բարձր վտանգավորության քիմիական նյութերի ընդհանուր ռիսկը⁵։ Պրոֆեսորի կարծիքով՝ Հայաստանը կարող է ցույց տալ, թե ինչպես է նման պարտավորությունը վերածվում հանրային առողջության համար շոշափելի արդյունքի։

Նրա առաջարկը կոնկրետ է՝ Արարատի մարզում շրջակա միջավայրի առողջության պիլոտային ծրագիր, որը կմշակվի տեղական իշխանությունների, հողագործների, աշխատողների, բուժաշխատողների ու մարզում արդեն գործող կազմակերպությունների հետ համատեղ։ Ծրագիրը կներառի գործնական դասընթացներ, պաշտպանիչ միջոցների ու անվտանգ պահեստավորման հասանելիություն, թունաքիմիկատների տարաների հավաքման համակարգ, անկախ գյուղատնտեսական խորհրդատվություն, ավելի անվտանգ այլընտրանքների խթանում, ինչպես նաև մոնիթորինգ՝ արդյունքները գնահատելու համար։

Պրոֆեսորը կարևոր դեր է տեսնում նաև հիվանդանոցների համար․ դրանք պետք է ոչ միայն բուժեն, այլև կանխեն հիվանդությունները։ Մարեն դը Նեբեհայի հետ միասին նա առաջ է քաշել «Շրջակա միջավայրի առողջության հիվանդանոց» գաղափարը⁶ և ցանկանում է, որ հայ ու ֆրանսիացի բժիշկները այս ոլորտում փորձի փոխանակում ունենան՝ հաշվի առնելով Հայաստանի առաջնահերթությունները։

Այս ամենին կայունություն հաղորդելու համար պրոֆեսորն առաջարկում է ստեղծել շրջակա միջավայրի առողջության, կենսաբազմազանության ու կանխարգելման հարցերով հայ-ֆրանսիական համատեղ խորհրդարանական աշխատանքային խումբ։ Այն կմիավորի Ֆրանսիայի Ազգային ժողովի ու Սենատի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբերը ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան-Ֆրանսիա» խմբի հետ։ Խմբի խնդիրն կլինի աջակցել Արարատի պիլոտային ծրագրին, ֆինանսավորման աղբյուրներ գտնել ու թափանցիկ գնահատել արդյունքները։

COP17-ի ժառանգությունը՝ իրական վայրերում

Զրույցի վերջում հարցրել ենք պրոֆեսոր Սմաջային, թե ինչ է նա ակնկալում COP17-ից։ Նրա պատասխանը պարզ է ու գործնական․ «Ջերմոց, որտեղ աշխատողներն ավելի լավ են պաշտպանված, առողջապահական կենտրոն, որտեղ մասնագիտական ռիսկերը հետևողականորեն հաշվի են առնվում, կամ համայնք, որն ունի ռիսկերը կանխելու միջոցներ»։

Պրոֆեսորն իր խոսքը ամփոփում է մի մտքով, որը լավագույնս բացատրում է, թե ինչու է այս աշխատանքը կարևոր նաև մեզ համար․ «Հողի և այն մշակողների պաշտպանությունը պետք է դառնան հանրային առողջության նույն նպատակի երկու անբաժանելի բաղադրիչներ»։

«Մաքուր» ՀԿ-ն ու մեր գործընկեր «ՀայՄեդ» ՀԿ-ն կիսում են այս տեսլականը։ Շնորհակալություն ենք հայտնում պրոֆեսոր Սմաջային զրույցի, արժեքավոր մտքերի ու աջակցության համար։ Պատրաստ ենք համագործակցել բժիշկների, պետական մարմինների ու հողագործների հետ՝ այս գաղափարները Արարատի մարզում իրական գործի վերածելու համար։

Աղբյուրներ

  1. «ՀայՄեդ» ՀԿ և «Մաքուր» ՀԿ։ Արարատի մարզի ջերմոցներում թունաքիմիկատների օգտագործման պրակտիկայի վերաբերյալ հետազոտության տվյալների վերլուծության զեկույց, 64 էջ, և 3 էջանոց վերլուծական ամփոփում։
  2. Convention on Biological Diversity. COP17, Yerevan, 19–30 October 2026։
  3. World Health Organization. Pesticide residues in food, 15 September 2022։
  4. David Smadja, Marin de Nebehay. Environmental Health: Training to Transform. Skills Development as a Condition for Collective Action. Terra Academia / IHETE, April 2026։
  5. Convention on Biological Diversity. Kunming-Montreal Global Biodiversity Framework, Target 7։
  6. David M. Smadja, Marin de Nebehay. Towards a French “Environmental Health Hospital” Label for Sustainable and Responsible Healthcare. Annales Pharmaceutiques Françaises, 2026։

Գլխավոր պատկեր:

Կիսվել՝

Այլ հոդվածներ

Ուղարկել հաղորդակցություն